7-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքների մոնիթորինգը պատրաստ է: Ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացրել է տվյալները։
Այսպես՝ ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորը ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանն է (189), ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը «Իմ քայլից» Հայկ Սարգսյանն է (30), ամենաշատը ձեռնպահ է քվեարկել «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը (18)։
Ութամյա սառույցը շարժվեց. ամենաշատ բացակայած պատգամավոր Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ զիջել է դիրքը: Առաջին հորիզոնականում այժմ Արուսյակ Ջուլհակյանն է։ Ըստ մոնիթորինգի՝ ամենաշատ հարց տվել ու ելույթ է ունեցել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը (79)։ «Իմ քայլի» պատգամավորները հարց են տվել ու ելույթ ունեցել 578 անգամ, ԲՀԿ-ականները՝ 236, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները 144 անգամ։ Ըստ այդմ՝ «Իմ քայլի» պատգամավորները միջինում հնչեցրել են 7, մյուս երկու խմբակցությունների պատգամավորները՝ 8-ական հարց ու ելույթ։
7-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանում ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է ԱԺ-ն, 70%-ը՝ կառավարությունը։ ԱԺ մոնիթորինգի տասնամյա դիտարկումների ընթացքում սա ամենաբարձր ցուցանիշն է:
Հետաքրքրական է, որ Կառավարության որևէ նախագիծ չի մերժել խորհրդարանը, բայց ընդունվել են նախագծեր, որոնց վերաբերալ վերապահումներ է ունեցել Կառավարությունը։