ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հրապարակված այն փաստին, որ ինքն ամենաշատը բացակայած պատգամավորն է:
«Սիրելի ընկերներ,
Այսօր Parliament Monitoring ծրագրի ամփոփման ժամանակ ներկայացվել է, որ ես ԱԺ 3-րդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորն եմ (132 բացակայությամբ): Այս առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը։
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորը կարող է զրկվել մանդատից, եթե օրացուցային կիսամյակի ընթացքում անհարգելի բացակայել է ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կեսից ավելիից։ Այդ պատճառով Ազգային Ժողովի կայքում պատգամավորի բացակայությունները հաշվարկվում են՝ ըստ նրա կողմից ՉՔՎԵԱՐԿՎԱԾ նախագծերի քանակի։ Parliament Monitoring ծրագիրն իր տվյալները վերցնում է ԱԺ կայքից, հետևաբար, ՉՔՎԵԱՐԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ քանակը մեխանիկորեն ներկայացվում է՝ որպես նիստերից բացակայությունների քանակ։ Այնինչ, 7-րդ գումարման Ազգային ժողովը 132 նիստ հաստատապես չի էլ գումարել, որ հնարավոր լիներ դրանցից բացակայել։)
Իսկ քվեարկություններից բացակայել եմ հիմնականում հարգելի պատճառով՝ գործուղումների և երկշաբաթյա հիվանդության (ջրծաղիկ) պատճառով։ Մի երկու անգամ էլ խցանումների պատճառով ուշացել եմ 5-10 րոպեով և բաց թողել առավոտյան քվեարկությունների պահը։ Ազգային ժողովում քվեարկությունները տեղի են ունենում բացառապես առավոտյան շուտ, նիստի ամենասկզբում՝ 5-ից 10 րոպեի ընթացքում։ Ընդ որում, քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկած նախագծերը, որոնց թիվը երբեմն հասնում է երկու տասնյակի։
Ազգային ժողովում ամենօրյա ռեժիմով աշխատող լրագրողները, կարծում եմ, բոլորից լավ կարող են վկայել իմ Չբացակայությունների մասին»:
Հիշեցնենք, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի աշխատանքների մոնիթորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այսօր ամենատարբեր տվյալներ էր ներկայացրել պատգամավորների ակտիվության վերաբերյալ: