Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «Թեհրանը որևէ երկրի համար սպառնալիք չի հանդիսանում, բայց կանի ամեն ինչ՝ իր անվտանգությունը երաշխավորելու համար»: The Jerusalem Post պարբերականի փոխանցմամբ՝ Այաթոլլայի այս հայտարարությունը հնչել է նրա ելույթի ընթացքում, որը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ:
«Իրանը ոչ մի այլ երկրի համար սպառնալիք չէ: Մեր միակ նպատակը մեր անվտանգության երաշխավորված ապահովումն է: Իրանը պետք է մեծացնի իր ռազմական ուժը՝ պատերազմը կանխելու համար: Մենք պետք է ուժեղ լինենք: ԱՄՆ-ը ցանկանում է խրախուսել մեր թշնամիներին, որպեսզի նրանք հարձակվեն Իրանի վրա»,- նշել է Այաթոլլան:
Խամենեիի խոսքով՝ այս փուլում անհրաժեշտ է նաև Իրանի տնտեսությունը դիվերսիֆիկացնել, որպեսզի այն նվազ կախվածություն ունենա նավթի արտահանումից:
Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Իրանի Գերագույն առաջնորդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Դարի գործարքն» անվանել էր «ամերիկյան դավադրություն»: Այաթոլլան ընդգծել էր, որ «ԱՄՆ-ն այժմ կփորձի առաջ տանել իր ծրագիրը կաշառքի, զենքի և գայթակղությունների միջոցով, սակայն, «Դարի գործարքը» կմեռնի ավելի շուտ, քան Թրամփն ինքը»: