Ցանկացած համաձայնագիր, որը չի նախատեսում պաղեստինյան պետության ստեղծում՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններում և Երուսաղեմ մայրաքաղաքով, անընդունելի է: Այս մասին ասված է Արաբական միջխորհրդարանական միության 30-րդ արտահերթ համաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ:
SANA-ի փոխանցմամբ՝ համաժողն անցկացվել է փետրվարի 8-ին, Հորդանանի մայրաքաղաք Ամանում:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Երուսաղեմը բռնազավթիչ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը վտանգավոր էսկալացիայի է հանգեցնում, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը:
Նշվում է, որ, այսպես կոչված, «Դարի գործարքը» պաղեստինցիների իրավունքները ոտնահարելու բազմաթիվ փորձերից մեկն է, ինչի առիթով անհրաժեշտ է համատեղել արաբ խորհրդարանականների ջանքերն՝ ի պաշտպանություն պաղեստինյան հարցի:
Մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել բողոքի ցույցեր կազմակերպել պաշտոնական հաստատությունների առջև՝ բռնազավթիչների հանցավոր գործողությունները բացահայտելու և իրենց մերժումն արտահայտելու համար:
Կարևորվել է նաև արաբական միջխորհրդարանական միության 29-րդ համաժողովին ստանձնած պարտավորությունը, որով մերժում էր սիոնիստական սուբյեկտի հետ հարաբերությունների կարգավորումը: