Մոսկվայում աճուրդի են հանել այն ավտոմեքենան, որով երթևեկել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը: Ինչպես հայտնում է ռուսական Zvezda TV-ն, խոսքը ԶԻԼ-111Վ մակնիշի մեքենայի մասին է, որով Գագարինն ուղևորվել էր Կրեմլ, երբ վերադարձել էր տիեզերք թռիչքից:
ԶԻԼ-111Վ ավտոմեքենան եզակի մոդել է, որից թողարկվել է ընդամենը 12 օրինակ: Այդ մեքենաներից մեկը խորհրդային իշխանությունը նվիրել էր Կուբայի ղեկավար Ֆիդել Կաստրոյին: Յուրի Գագարինը ԶԻԼ-111Վ ավտոմեքենայով երթևեկել է ընդամենը մեկ անգամ` 1961 թ. ապրիլի 14-ին:
Այդ օրվանից հետո կաբրիոլետը երբևէ չեն ներկել և չեն փոխել անվադողերը: Ավելի քան կես դարի ընթացքում մեքենայի վազքը կազմել է 35 հազար կմ: Այս ողջ ընթացքում մեքենան կանգնած է եղել Հայաստանում` հատուկ նշանակության ավտոտնակներից մեկում, որտեղ տեղափոխվել էր Իրանի շահին դիմավորելու համար:
Ավտոմեքենայի աճուրդը տեղի կունենա փետրվարի 15-ին Մոսկվայի «Հին ժամանակներ» ավտոսրահում: