Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորել է խաղային ոլորտում նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությունը և ներկայացրել արդյունավետ հսկողության իրականացման հիմնական ուղղությունները։ ՊԵԿ նախագահը խոսել է խաղային ոլորտի համար նախատեսված նոր, միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտների, դրանց կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակմանն ուղղված Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնության մասին: Բարեփոխումների իրականացմամբ գործուն մեխանիզմներ կստեղծվեն խաղային ոլորտի արդյունավետ վերահսկողության համար։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Կարևորվել է, որ ՊԵԿ գործընկերների կողմից իրականացված միջազգային փորձի ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ առաջարկված մոդելը ոլորտի զարգացման ճիշտ ճանապարհն է։ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է լոկալ խաղատներում (Land Based Casinos) և ինտերակտիվ (Online) խաղային հարթակներում շահագործվող խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների արդի տեխնիկական վիճակը և դրանց՝ միջազգային չափանիշներին համապատասխան սերտիֆիկացման տեխնիկական լուծումներն ու ակնկալվող արդյունքները։ Պարզաբանվել են այդ չափորոշիչների հիման վրա սերտիֆիկացված խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների կիրառմամբ խաղային ոլորտի կազմակերպիչներին և խաղացողներին ընձեռվող հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Պատասխանատու խաղ» (Responsible Gaming) և «Արդար խաղ» (Fair Game Play) հայեցակարգերի մշակման և կազմակերպիչների կողմից պարտադիր կիրառման խնդիրներին, ինչի արդյունքում բոլոր մասնակիցների համար խաղային անվտանգ գործընթաց կապահովվի՝ խաղացողներին առավելագույնս զերծ պահելով խաղամոլությամբ տարվելու վտանգից:
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությունը ողջունել են նաև Թվայնացման խորհրդի այլ անդամներ։ Նիստում հավանություն է տրվել խաղային ոլորտի թվայնացման ՀՀ ՊԵԿ հայեցակարգին: Այն կնպաստի ոլորտի թափանցիկութան և ցածր ռիսկայնության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության կողմից խաղային ոլորտի ընկալման փոխակերպմանը: