ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ 2020 թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին։
«Այս պահի դրությամբ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել են ԵՄ անդամ երկրներից 20-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան և Սլովենիան:
Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին ԵՄ Գլխավոր քարտուղարությանը:
Նիդեռլանդները խորհրդարանի մակարդակով ևս վավերացրել է ՀԸԳՀ-ն, սակայն վերջնական վավերացման համար վավերագիրը պետք է ստորագրի թագավորը»,- գրել է Նաղդալյանը։