Շարունակվում է Հայաստանի մարզերում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի ներկայացման գործընթացը: Հանրային իրազեկման արշավի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները Գորիսում հանդիպում են ունեցել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն իր ելույթի սկզբում ընդգծել է համայնքապետերի կարևոր դերը ֆերմերներին այդ տեղեկատվության հասանելիության ապահովման հարցում:
Ի. Փանոսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է պետօժանդակության ծրագրերը՝ հատուկ անդրադարձ կատարելով հատկապես նոր նախաձեռնություններին, այդ թվում՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների հիմնման, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրմանը:
Ընթացիկ ծրագրերի թվում Իռա Փանոսյանը ներկայացրել է նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որը թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձանց կարող է ծառայել բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսության գործունեություն իրականացնելու համար:
Ըստ նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանի՝ Սյունիքում ձևավորվել է կարծիք, որ մարզում այգեգործությունն ու ջերմոցային արտադրությունն այնքան էլ արդյունավետ չեն, և ֆերմերները նախընտրում են զբաղվել անասնապահությամբ, մասնավորապես՝ տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ: Մինչդեռ, ըստ նրա՝ այգեգործության ոլորտում հնարավոր է հաջողության հասնել բարձր բերքատվություն ապահովող սորտերի ճիշտ ընտրության շնորհիվ: Նա մարզում հեռանկարային է համարել նաև ջերմոցաշինության ոլորտը: «Ունենալով ջերմոցային տնտեսություններ՝ ֆերմերները կկարողանան ապահովել մարզի ներքին շուկայի սպառումը և, ինչու չէ, վաճառք իրականացնել նաև Արցախում»,- նշել է Դ. Դավթյանը և հավելել, որ Սյունիքի մարզում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար ևս առկա են բարենպաստ պայմաններ:
Իրազեկման արշավի շրջանակում հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Եղեգնաձոր քաղաքում: Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Ողջունելով հանրային իրազեկման այս նախաձեռնությունը՝ մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին՝ առավելագույնս տեղեկանալ ծրագրերի պայմաններին, որպեսզի հետագայում կարողանան իրենց համայնքներում ճիշտ ուղղորդել շահագրգիռ ֆերմերներին:
Հանդիպման ընթացքում պետօժանդակության ծրագրերի պայմաններից ու մասնակցության ընթացակարգից բացի՝ Իռա Փանոսյանը ներկայացրել է, թե ինչպես կարելի է գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ գործունեություն ծավալել՝ զուգահեռաբար օգտվելով մի քանի ծրագրից:
Իռա Փանոսյանը անդրադարձել է նաև գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին։
Իրազեկման արշավը կշարունակվի հանրապետության մյուս մարզերում: