Տավուշի մարզում բնապահպանության ոլորտում այս տարի պլանավորվածից ավելի շատ ներդրումներ են եղել: Մարզպետ Հայկ Չոբանյանը, ամփոփելով տարին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ամենակարևոր ձեռքբերումն անտառի կառավարման ոլորտում փոփոխությունն է:
«Նախորդ տարի մենք կտրուկ կանգնեցրինք անտառի թալանի պրոցեսը: Սա հեշտ չէր, քանի որ հայտնի է, որ այս ոլորտում տարեկան շրջանառվել է շուրջ 500 մլն դոլար «սև» եկամուտ: Սա նշանակում է, որ այս գործընթացը տասնամյակներ ձևավորված կրիմինալ ենթակառուցվածքների դեմ պրոցես է, որը հաջողությամբ պահպանվում է: Այսօր էլ շարունակում ենք մեր հաստատակամ քայլերը: Իսկ նպատակը անտառի պահպանումն ու կառավարումն է»,- նշել է մարզպետը:
Չոբանյանը հայտնել է, որ հաջողվել է տասնապատիկ կրճատել ապօրինի անտառահատման ծավալները: Նաև վստահեցրել է, որ Հայաստանում անտառներն արդեն պետական բացարձակ հոգածության ներքո են, և մեր երկրում այլևս ապօրինի անտառահատում չի լինելու: