Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ բաժնի աշխատակիցները Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ.-ի ուղեբեռները: Արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ:
Այնուհետև` մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական և բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Ս.Հ.-ն գործել է համերկրացու հետ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մեկնման սրահում հայտնաբերվել է Իրանի քաղաքացի Մ.Մ.-ն, ով պատրաստվում էր մեկնել Երևան-Դոհա-Կուալա Լումպուր ուղղությամբ: Ավիացիոն անվտանգության հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իրանի քաղաքացու ուղեբեռի մաքսային զննմամբ սուրճի 49 փաթեթում հայտնաբերվել է 1 կգ 335 գրամ ընդհանուր քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութ, որը նա պատրաստվում էր տեղափոխել երրորդ երկիր:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր, իսկ Իրանի քաղաքացիները ձերբակալվել են:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: