Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կհամագործակցի հայաստանյան հինգ բուհերի հետ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման ուղղությամբ:
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և կառուցվածքային փոփոխություն՝ սոցիալական աջակցության համակարգի բարեփոխման նպատակով: Խոսքը, մասնավորապես, սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ստեղծման մասին է, որը պետք է գործի՝ ի դեմս ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակների և տարածքային մարմինների: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս ոլորտում բարեփոխումների համար կարևոր նախադրյալ և առաջնահերթություն ենք համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը Հայաստանում: Փոխըմբռնման այս հուշագրի ստորագրումը գործնական քայլ է այդ ուղղությամբ»,- այս մասին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սոցիալական աշխատանքի, հոգեբանության, սոցիալական ու հատուկ մանկավարժության տարբեր գծերով մասնագետների ուսուցում իրականացնող կրթական հինգ հաստատությունների միջև հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը նշել է, որ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունից հետո ԱՍՀՆ համապատասխան գրասենյակները կիրականացնեն նաև սոցիալական կարիքի գնահատումը՝ ի տարբերություն այս պահին գործող համակարգի, երբ այդ գործառույթն իրականացնում են ՏԻՄ մարմինները:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս սոցիալական կարիքի գնահատման գործառույթ իրականացնող և այդ ոլորտում աշխատող անձանց ավելի քան 85%-ը չունի մասնագիտական կրթություն: Մինչդեռ տարիներ շարունակ Հայաստանի համալսարանները և մեր ունեցած կրթական համակարգը ապահովում են այդ մասնագետների առկայությունը երկրում, որից մենք պարզապես չենք օգտվել: Այլ կերպ ես սա կանվանեի անգործություն»,- ասել է նախարարը և նշել, որ մարդկանց կյանքում փոփոխություն բերելու համար պետությունը պետք է օգտվի այդ հնարավորությունից:
Նշենք, որ հուշագրի նպատակն է նպաստել գիտագործնական բնագավառների համակողմանի զարգացմանը, ինչպես նաև՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի արդյունավետ ներդրմանը՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթություն ստացած մասնագետների առաջնահերթ ներգրավման միջոցով:
Ըստ պայմանավորվածության՝ հուշագրի ստորագրումից հետո երեք ամսվա ընթացքում ուսումնական հաստատությունները կուսումնասիրեն նշված մասնագիտությունների գծով վերջին առնվազն երեք տարիների շրջանավարտների ցուցակները՝ նախարարությանը ներկայացնելով այդ մասնագետների ներկայիս տեղաբաշխվածության և ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում աշխատելու պատրաստակամության և հնարավորության մասին տեղեկություններ:
Նախարարությունն իր հերթին պարտավորվում է շրջանավարտների մասին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունների հիման վրա ընտրել անհրաժեշտ թվով թեկնածուներ, նրանց համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում, մասնավորապես, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ, իսկ դրանք հաջող ավարտած կադրերին առաջնահերթության կարգով դիտարկել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի տարբեր մակարդակների և տարածքների կառույցներում աշխատանքի համար: Բացի այդ, մասնագիտական ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա նախարարությունն ամեն տարի իր համակարգում գործող սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում կկազմակերպի վերջիններիս՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով սովորող ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաները, ինչպես նաև պարբերաբար մասնագիտական ուսումնական հաստատությունների սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով շրջանավարտների միջոցով կհամալրի ոլորտում առկա թափուր աշխատատեղերը:
Նշենք, որ հուշագրի ստորագրմանը մասնակցել են՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գ. Գևորգյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Ա. Երեմյանը, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ս․Թումանյանը, գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Ս. Սեդրակյանը: