Սոչիում սկսվել է Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Լուկաշենկոյի բնորոշմամբ «հասել է ճշմարտության պահը»:
Բանակցություններ են ընթանում Մոսկվայի և Մինսկի միջև լարված հարաբերությունների ֆոնին: Երկու երկրները չեն կարողանում համաձայնության գալ ռուսական նավթի գնի շուրջ: Բելառուսը ցանկանում է այն ստանալ զգալի զեղչով, սակայն ռուսական ձեռնարկությունները պատրաստ չեն դրան: Այս իրավիճակում Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությունից պահանջել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ որոնել: Ստեղծված իրադրությունից որոշել է օգտվել նույնիսկ Միացյալ Նահանգները, Մինսկ էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և իր երկրի աջակցությունը հայտնել Մինսկին:
Ի դեպ, բանակցություններին պետք է մասնակցեին նաև Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Միխայիլ Բաբիչը, միջազգային հարցերով նախագահի օգնական Յուրի Ուշակովը և նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն անբարենպաստ եղանակի պատճառով նրանց օդանավը վայրէջք է կատարել ոչ թե Սոչիում, այլ՝ Մինվոդիի օդանավակայանում: Պեսկովը վստահեցրել է, որ Կառավարության պատվիրակության ուշացումը չի ազդի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև բանակցությունների ընթացքի վրա: