ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը (պատվիրակության ղեկավար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան) Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիի հետ: Չեխական կողմից հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԳՆ` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսել առկա խնդիրներից և դրանց հաղթահարման հեռանկարներից։
Պրահա կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև միջագնական հանդիպում, որի շրջանակում ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին ընդունել է Չեխիայի ԱԳՆ՝ ԱլԳ հարցերով հատուկ բանագնաց Յարոսլավ Կյուրֆյուրստը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱլԳ ապագայի վերաբերյալ կողմերի ունեցած տեսլականի և առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև իրենց գոհունակությունն են հայտնել հայ-չեխական երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի և կողմերի միջև համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ: