ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են սահմանին ուժեղացված հսկողական աշխատանքներ տարվում:
«Ի պատասխան հարցումների՝
Այո՛, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո', եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո՛, նրանք, և ոչ միայն նրանք, մեկուսացվել և հոսպիտալացվել են։ Սրանք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ընթացիկ հսկողական աշխատանքներն են՝ ուղղված կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն։ Սրանց սահուն հաջորդում են առողջապահության նախարարության աշխատանքները։ Չինաստանից ժամանած կամ այդ երկրում վերջին 14 օրվա ընթացքում գտնված յուրաքանչյուր անձ, որի մոտ սահմանը հատելիս ջերմաչափման արդյունքում արձանագրվում է 37 և բարձր ջերմություն, անձնակազմի և ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով մեկուսացվում և հոսպիտալացվում է։ Նրանց առողջական հետագա վիճակով շարունակում է զբաղվել արդեն առողջապահության նախարարությունը։ Բարեբախտաբար, մինչև օրս հոսպիտալացված անձանցից և ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել։ Այս առումով պարբերաբար տրամադրվում է ամփոփ տեղեկատվություն։ Ավելորդ խուճապի կարիք չկա։ Կարևորը՝ պատկան մարմիններն իրենց տեղում են։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն օդային և ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները»։