Շուրջ 10 օր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել էր բենզինի և դիզվառելիքի շուկայի վերաբերյալ ուսումնասիրություն։ «Լուրերն» արդեն անդրադարձել է այս շուկայի կառուցվածքին, հիմնական խաղացողներին ու զարգացումներին։ Իսկ ի՞նչ վիճակ է դիզվառելիքի շուկայում։
Ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրության՝ եթե 2017-2018 թթ. միայն 6 ընկերություն է ներմուծում իրականացրել, 2019-ին դրանց թիվը հասել է 18-ի։ Ներմուծված դիզվառելիքի 92 տոկոսը պատկանում է 4 խոշոր ընկերությունների, որոնք նաև բենզինի շուկայի հիմնական խաղացողներն են. դրանք են՝ «Ֆլեշը», «Սի փի էս օյլ քորփորեյշնը», «Սի փի էս օյլը» ու «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն։ Մնացած 15 ներմուծողների ծավալը միասին վերցրած կազմում է 8 տոկոս, իսկ երկրները, որտեղից հիմնականում ներմուծվում է դիզելային վառելիք Ռուսաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունն են։
Ովքե՞ր են դիզվառելիքի շուկայի խաղացողները
Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք բենզինի շուկայի հիմնական խաղացողների բաժնետերերին։ «Ֆլեշի» սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանն է, «Սի փի էս օյլ քորփորեյշն»-ինը՝ գործարար Արթուր Դանիելյանը, «Մաքս պետրոլինը»՝ Կարեն Ախվերդյանը, ում անունը կարելի է հանդիպել նաև «Ձորագետ հիդրո»-ի տնօրենների ցանկում։ Թեև բենզինի շուկայից դուրս է եկել Գագիկ Վանեցյանը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայրը, նա շարունակում է գործունեությունը դիզվառելիքի շուկայում, մասնավորապես, Գագիկ Վանեցյանը 60 տոկոս բաժնեմաս ունի «Էյ բի էքսպորտ» ընկերությունում, որը դիզվառելիք ներմուծողներից է։ Վանեցյանն այս գործունեությամբ զբաղվել է նաև հեղափոխությունից առաջ։
2019-ին դիզվառելիքի շուկա է մտել «Մեսման» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնվել է 2019-ին, միակ բաժնետերը Մեսրոպ Մանրիկյանն է։ Նա եղել է Կոտայքի մարզի դատախազ։ Մանրիկյանը հանրության ուշադրությունը գրավել էր իր և լրագրողի մեջ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ Մանրիկյանն ու լրագրող Ռուբեն Գրձելյանը մարմնական վնասվածքներ էին հասցրել իրար։ Հետագայում Գրձելյանը ճանաչվել է անմեղ, իսկ դատախազի որդին տուգանվել 50.000 դրամով։ Մեսրոպ Մանրիկյանը հետագայում այս միջադեպի պատճառով պաշտոնանկ է արվել։
2019-ին դիզվառելիքի շուկա է մուտք գործել «Գազօյլ» ընկերությունը։ Ըստ Հետքի՝ անցյալ տարվա սեպտեմբերին «Գազօյլ»-ը պաշտպանության նախարարության հետ կնքել է 2.4 մլրդ դրամի դիզվառելիքի մատակարարման պայմանագիր։ «Գազօյլի» սեփականատերը Ռոման Մուրադյանն է, որը եղել է նաև «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, զբաղեցրել նաև պետական պաշտոններ, մասնավորապես, Մուրադյանը եղել է սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ։ Մուրադյանը, ըստ «Հետքի», բաժնեմաս է ունեցել նաև մեկ այլ ընկերությունում՝ «Նավթ և գազ» ՍՊԸ-ում, որտեղ բաժնեմաս է կիսել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հետ։
Դիզվառելիք ներմուծող մյուս ընկերությունը «Վառօյլ» ՍՊԸ-ն է, որը հիմնվել է 2018-ին։ «Վառօյլի» միակ մասնակիցը Ռոբերտ Մանուկյանն է։ Վերջինս 2017-2018 թթ. հանդիսացել է «Զարզանդ Սարոյան» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը։ Ընկերության բաժնետերը Զարզանդ Սարոյանն է՝ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին։ Ռոբերտ Մանուկյանը մի կարճ ժամանակ եղել է նաև ընկերության տնօրեն։ Գեներալի որդու ընկերությունը նախկինում զբաղվել է դիզվառելիքի ներմուծմամբ։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունից երևում է, որ մինչ 2019 թվականը նա իր ՍՊԸ-ով զբաղվել է վառելիքի ներմուծմամբ։
Շուկայի մյուս խաղացողը «Մաքս օյլ» ընկերությունն է, որի միակ բաժնետերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանն է։ Նրա անվան հետ է կապվում նաև «Մաքս պետրոլը»։
2018-ին հիմնվել է դիզվառելիքի ներմուծմամբ զբաղվող «ԱԳ իմպեքս» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը Սաթենի Պապյանն է, իսկ ընկերությունը գործունություն է իրականացնում Սյունիքի մարզում։ Սաթենի Պապյանը Մեղրիի նախկին փոխքաղաքապետ, իսկ հետագայում խոշորացված Ագարակի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանի կինն է։ Գևորգ Խաչատրյանը մտերիմ է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ, հանդիսացել է նաև վերջինիս ընտանիքին պատկանող «Վիլլա օյլ» ընկերության տնօրեն։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ Գևորգ Խաչատրյանը 2016-ին մեղադրվել է խոշոր չափերի գումար մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Իրան տեղափոխելու փորձի համար։ Գևորգ Խաչատրյանն ու Իրանի քաղաքացի Սաիդ Մոհհամադջավադի Շահաբը ընդունել են իրենց մեղքը և որպես պատիժ տուգանվել։
Դիզվառելիք ներմուծող ընկերություններից են նաև «Լիմոն գրուպ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը Երևանի բնակիչ Գևորգ Դանիելյանն է, «Գոլդբլեք նեվտ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը Արարատի բնակիչ Նժդեհ Տեր-Մկրտչյանն է։ Վերջինիս ընտանիքը Արարատում բենզալցակայան է շահագործում։ Դիզվառելիք ներմուծող է նաև «Պլատինում օյլը», որը նաև գործունեություն է ծավալում բենզինի շուկայում. ընկերության սեփականատերը Աղասի Մանուկյանն է։
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017-ին Հայաստան է ներկրվել 142 հազար տոննա դիզելային վառելիք, իսկ 2019-ին ներմուծված դիզվառելիքի ծավալը մոտ 119 հազար է։ Ուշագրավ է, որ 2017-2018 թվականներին Իրանից ընդհանրապես ներկրումներ չէին իրականացվում, իսկ ահա 2019-ին ներկրումների 7.5 տոկոսը եղել է Իրանից։