Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Սահմանադրական փոփոխությունների մասին» նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ ընդունած որոշումը խորհրդարանի համապատասխան գրությամբ պետք է ներկայացվի ՀՀ նախագահին:
Նախագահն օրենքով սահմանված ժամկետում կնշանակի հանրաքվե, և դրանից հետո նոր արդեն կմիանան այն սուբյեկտները, որոնք պատասխանատու են հանրաքվեի անցկացման համար: Վարդանյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշման համար անհրաժե՞շտ է Սահմանադրական դատարանի որոշում, նշել է. «Հստակ կանոնակարգումներ չկան այս հարցի վերաբերյալ: Տվյալ հարցում, կարծում եմ՝ ՍԴ յոթ անդամներն ունեն շահագրգռվածություն, և ինչ-որ առումով վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե հարցը փոխանցվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության»: