Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները պետք է խստորեն պահպանվեն: Այս մասին է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը զրուցել քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը:
Փոխքաղաքապետը նշել է, որ օրեր առաջ Երևանի որոշ մանկապարտեզներ անակնկալ այցի ժամանակ անձամբ է արձանագրել մի շարք թերացումներ:
Մասնավորապես, քաղաքապետի տեղակալը հորդորել է բացառել երեխաների թվի հավելագրումները, խստորեն հետևել մատակարարվող սննդի որակին, պիտանիության ժամկետներին և հատկապես՝ պահպանման պայմաններին:
Կարևորվել է նաև մանկապարտեզներում անձնակազմի կարգապահության և երեխաների անվտանգության ապահովման խնդիրը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով գույքի պահպանման խնդիրներին: Տիգրան Վիրաբյանն ընդգծել է նաև, որ անօրինական որևէ գործողություն չի կարող անպատիժ մնալ: