ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այս օրերի ընթացքում իրենք ստանում են հաղորդագրություններ, որոնցում քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:
«Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծ մասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը:
Երեկ նամակով դիմել եմ նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:
Մենք մշտապես կապ ենք պահում առողջապահական գերատեսչության հետ և համաճարակային ֆոնի փոփոխության դեպքում լրացուցիչ կհաղորդենք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկենք միջոցներ:
Ստորև՝ Արսեն Թորոսյանի գրառումն է այս թեմայով»,- գրել է նախարար Հարությունյանը: