Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը:
Մինչ հանդիպումը փոխվարչապետը ֆինանսների նախարարությունում մասնակցել է ՎԶԵԲ-ի հետ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի» համաձայնագրերի ստորագրման արարողությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության մակարդակի վերաբերյալ և կարևորել մասնավոր հատվածում ՎԶԵԲ-ի ակտիվությունը, ինչը սերմանում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ չկա կարևոր որևէ ոլորտ, որտեղ ՎԶԵԲ-ի հետ համագործակցություն չի ծավալվել: Փոխվարչապետը որպես առաջնահերթություն առանձնացրել է ՎԶԵԲ-ի ծրագրերի կարևորությունը հետևյալ ուղղություններով՝ կապիտալի շուկայի զարգացում, էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի զարգացում և ՓՄՁ ոլորտի զարգացում:
ՎԶԵԲ փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ստեղծված կառուցողական համագործակցության համար և ուրախությամբ նշել, որ 2021-ին ՎԶԵԲ կառավարիչները խորհրդի նիստը անցկացվելու է հենց Երևանում և նշել, որ ակնկալում է կառավարության աջակցությունը բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ միջոցառման բարձր մակարդակի կազմակերպման հարցում: Պիեռ Հեյլբրոննը նշել է համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերը և հույս հայտնել, որ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախանշված ծրագրերը կնպաստեն Կառավարության բարեփոխումների իրականացմանը:
ՎԶԵԲ փոխնախագահին ընդունել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը Երևանում անցկացնելու կապակցությամբ և կարևորել այդ իրադարձությունը՝ Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսատնտեսական շրջանակների ուշադրությունը բարձրացնելու տեսանկյունից: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին վստահության համար և ընդգծել, որ տարեկան ժողովը կանցկացվի ամենաբարձր մակարդակով:
Քննարկվել են ավելի քան 1,4 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 180 ծրագրեր ներառող Հայաստան-ՎԶԵԲ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ համագործակցության անցած տարին 118 մլն եվրո արժողությամբ ծրագրերով ամենահաջողներից մեկն էր ու հույս է հայտնել, որ միտումը կշարունակվի նաև 2020-ին: Տիգրան Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ ՎԶԵԲ-ի ծրագրերի ընդհանուր պորտֆելում մասնավոր հատվածի մասնաբաժինը կազմում է 87 տոկոս՝ լուրջ խթան հանդիսանալով ոլորտի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի ծրագրին: Այս համատեքստում Պիեռ Հեյլբրոննը կարևորել է տարբեր գերատեսչությունների ու Երևանի քաղաքապետարանի գործողությունների փոխհամաձայնեցման հարցում փոխվարչապետի դերը:
Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև Հայաստանում անցկացվող համապարփակ բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ այն լինելու է երկրում իրականացվելիք առավել հավակնոտ ու լայնածավալ բարեփոխումներից մեկը: