Փետրվարի 9-ին տեղի կունենա կինոաշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը: Մինչ կինոհանրությունը վիճում է, թե որ ֆիլմը՝ «Ջոկե՞րը», թե՞ «1917»-ն է դառնալու լավագույնը՝ 1lurer.am-ն առաջարկում է պարզել, թե ինչ է կատարվում մինչև մրցանակաբաշխությունը: Թեև կինոաշխարհի դեմքերի համար ամենակարևորը ոսկե արձանիկը սեփական ձեռքերում տեսնելն է, բայց մրցանակի հանձնման արարողությունից զատ կան «Օսկարի» անցկացման մաս դարձած այլ կարևոր և հետաքրքիր պահեր ևս:
Մրցանակաբաշխությունից մեկ շաբաթ առաջ «Օսկարի» տարբեր անվանակարգերի հիմնական հավակնորդներին նվերներ են հանձնվում: Այս տարի նվերներով լի ճամպրուկները՝ ընդհանուր 5.2 միլիոն դոլար, իսկ առանձին-առանձին՝ 215 հազար դոլար արժեքով սպասում են հավակնորդներին:
Նվերները հավաքում է Distinctive Assets ընկերությունը: Դրանց ամբողջ արժեքը վճարում են բրենդները: Եթե աստղերից որևէ մեկը հրապարակավ օգտվի նվերից, ապա այն բավական կլինի մասնակցության համար տված գումարը վերադարձնելուն: Նվերները, սակայն, աստղերի վրա «էժան չեն նստում»: Նրանք ստացած նվերների համար պետք է հարկեր վճարեն:
Այս տարի նվերների փաթեթում ամենից թանկարժեքը Scenic Eclipse զբոսանավով 12-օրյա շրջագայություն է, որի արժեքը շուրջ 78 հազար դոլար է:
Նվերների փաթեթում այս տարի նաև արտառոց նվերներն են շատ: Աստղերը կստանան «ջրիմուռներով հագեցած» ջուր (յուրաքանչյուր տուփը 29.99 դոլար արժեքով), մեդիտացիայի համար գլխի կապիչ: Տարօրինակ նվերների շարքում է նաև մեզ հավաքելու սարքը, որն ըստ արտադրողների՝ թույլ է տալիս բարձրացնել վարակի ստուգման ճշտության աստիճանը:
Նվերների մեջ ոչ պակաս էքստրավագանտ է կրծքի չափը մեխանիկորեն որոշող կրծկալը:
Փաթեթում կան ուտելու նվերներ. կանեփի էքստրակտով շոկոլադե կոնֆետներ, կան նաև օշարակ և բալզամ, որոնց օգնությամբ կարելի է կանեփիդիոլով խմիչքներ պատրաստել և սև դառը շոկոլադ: Վերջիններն արժեքով ամենացածրն են խելահեղ նվերների փաթեթում: Տասը կտորն արժի մոտ 5 դոլար: Սակայն Distinctive Assets-ի հիմնադիր Լեշա Փերիի խոսքով` հենց այսպիսի մանրուքներն են հաճախ ամենից շատ դուր գալիս մարդկանց:
Որպես կանոն՝ աստղերից որևէ մեկը պարտադիր հրաժարվում է թանկարժեք նվերներից: Նախորդ տարի դերասանուհի Գլեն Քլոուզը խնդրեց իրեն հասանելիք նվերները հանձնել կանանց բարեգործական կազմակերպությանը: Այս տարվա հավակնորդներից, սակայն, դեռ ոչ մեկը թանկարժեք պարգևներից չի հրաժարվել: