Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավանդական հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Եվրոպական միության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված հարցերի շուրջ:
Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:
ՀՀ Կառավարության զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականության համատեքստում ԱԳ նախարարը ԵՄ գործընկերներին է ներկայացրել երկրում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: