Բասկետբոլի Եվրալիգայում կայացան 23-րդ տուրի վերջին հանդիպումները:
«Վալենսիան», որը 4-րդ քառորդից առաջ ուներ 13 միավորի առավելություն, հյուրընկալեց «Բարսելոնային»: Խաղի ավարտից 4 վայրկյան առաջ «Վալենսիան» ուներ 1 միավորի առավելություն, բայց «Բարսելոնան» կարողացավ 2 միավորանոց նետում կատարել ու հաղթել մեկ միավորի առավելությամբ՝ 76-75:
Հետաքրքիր պայքար ծավալվեց նաև «Մաքքաբի Թել Ավիվի» ու Մերձմոսկովյան «Խիմկիի» դիմակայությունում: Խաղավարտից 45 վայրկյան առաջ հաշիվը հավասար էր՝ 77-77, բայց վերջում իսրայելական թիմի բասկետբոլիստները 3 միավոր վաստակեցին ու հաղթանակ կորզեցին:
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթն» ընդունել էր թուրքական «Ֆեներբախչեին»: Թուրքական թիմը առաջին քառորդի վերջնամասից սկսած ամբողջ հանդիպման ընթացքում պահպանեց առավելությունը և արդյունքում հաղթեց 73-68 հաշվով: Սերբիայում էլ «Ցրվենա Զվեզդան» ընդունել էր հունական «Պանատինաիկոսին»: 4-րդ քառորդից առաջ «Պանատինաիկոսն» ուներ 11 միավորի առավելություն, սակայն վերջին քառորդում պարտվեց 16-32 հաշվով, իսկ խաղում զիջեց 73-78 հաշվով:
Այսպիսով, 23 տուրից հետո առաջատարը շարունակում է մնալ Հայաստանի հավաքականի անդամ՝ Բրայան Դանթսթոնի «Անադոլու Էֆեսը»: «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո լրացուցիչ արդյունքներով երկրորդ հորիզոնական բարձրացավ «Բարսելոնան»՝ շրջանցելով Մադրիդի «Ռեալին»: 4-րդից 8-րդ տեղերը զբաղեցնում են ԲԿՄԱ-ն, «Մաքքաբի Թել Ավիվը», «Պանատինաիկոսը», «Ֆեներբախչեն» ու «Վալենսիան»: