ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրասիական
տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարևոր կազմակերպություն է, և ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ, որը կայացել է անցյալ տարի Երևանում, նախանշվել են կառույցի առաջնահերթությունները, ընդլայնվել է գործողությունների աշխարհագրությունը, Իրանի հետ համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել, ինչպես նաև կնքվել է Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր, ու այս երկու ուղղությունները շատ կարևոր կլինեն:
Միխայիլ Մյասնիկովիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձևավորված
հարաբերությունները: Ընդգծելով Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի բարձր հեղինակությունը կազմակերպությունում՝ նա քննարկել է ԵԱՏՄ ներսում և միջազգային հարթակներում կառույցի առջև ծառացած մի շարք հարցերի լուծման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի աջակցության հնարավորությունը:
Զրուցակիցները խոսել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում օրենսդրական դաշտի հարմոնիզացիայի մասին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հայտնել է, որ մշակվում է ԵԱՏՄ-ի ռազմավարության նախագիծ, և շատ ուրախ կլինեն, եթե այն աջակցություն ստանա նաև խորհրդարանական մակարդակում: Միխայիլ Մյասնիկովիչը
նշել է, որ, հաշվի առնելով հայկական խորհրդարանականների հեղինակությունը միջազգային հարթակներում, խնդրում է մեր խորհրդարանականների աջակցությունը համապատասխան առաջարկների դեպքում:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված և բաց է բոլոր ուղղություններով համագործակցության համար: