Զորամասն «էլիտար» է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում, իրականացնում է մարտական հերթապահություն: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ ինչպես է ստացվել, որ պաշտոնյաների որդիները նույն, այսպես կոչված՝ «էլիտար» զորամասում են հավաքվել:
«Ես այստեղ կոռուպցիոն ռիսկեր չեմ տեսնում: Արցախում են ծառայում, ասում եք՝ ինչո՛ւ են Արցախում ծառայում, Հայաստանում են ծառայում, ասում եք՝ ինչո՛ւ այստեղ: Այդ զորամասում 1000 զինծառայող է ծառայում, և կարող է հազարից երկուսը կամ երեքն ազգակցական կապ ունեն ինչ-որ մեկի հետ»,- ասաց Ա.Դավթյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված միջադեպերին՝ ԳՇ պետը նշեց, որ աշխարհի ցանկացած բանակում ինքնասպանության դեպքեր լինում են, սակայն, իհարկե, նրա խոսքով, դա արդարացում չէ: «Մենք ունենք բացթողումներ և շատ լավ ենք գիտակցում բոլոր խնդիրները, որոնք կան զինված ուժերում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ նախորդ տարի զինված ուժերում զոհերի թիվը նվազել է, և երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ բանակում իսպառ վերացվեն ինքնասպանությունների դեպքերը, սակայն, ըստ նրա, դա հեշտ գործ չէ:
Անդրադառնալով նոր սպառազինության ձեռքբերմանը՝ Ա.Դավթյանը հայտնեց, որ նոր որակական ցուցանիշներ ունենալու նպատակով բանակցություններ են վարվում ինչպես Սու-երի նոր խմբաքանակ, այնպես էլ հակատանկային և ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ, թռչող սարքեր գնելու վերաբերյալ: