2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 206 նյութ:
Նշված ժամանակահատվածում կոմիտեի վարույթում են գտնվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 360 քրեական գործեր, որից 10-ը՝ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Ընդ որում, կոմիտեի վարույթում գտնվող հիշյալ 360 քրեական գործերից 294-ը վարույթ են ընդունվել 2019 թ. ընթացքում, իսկ 66-ը եղել են վարույթում գտնվող տարվա սկզբին անավարտ մնացած քրեական գործեր:
Նշված ժամանակահատվածում հարուցվել են 203 քրեական գործեր (2018 թ. տարեկան հաշվետվությունում անավարտ քրեական գործերի թիվը նշված է եղել 60, իսկ կիսամյակային հաշվետվություններում այն արդեն եղել է 66: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ որոշ հանցագործություններ կատարվել են երեխայի նկատմամբ, որոնք 2018 թվականն ամփոփելիս դեռևս հայտնի չեն եղել):
Նշված ժամանակահատվածում կոմիտեի վարույթում եղած երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ վերը նշված 360 քրեական գործերից 5-ը վերաբերել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված սպանությանը, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 54-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված ծեծին, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությանը, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն, 44-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով նախատեսված անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածով նախատեսված երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելուն կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, 14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված գույքն անզգուշությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն, իսկ 121-ը՝ այլ հանցագործություններ են: (2019 թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվող քրեական գործերից 1-ը նշված է եղել որպես ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածով (երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը) հարուցված, սակայն հետագայում այն վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով:)
Վերը նշված քրեական գործերով թվով 187 անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ, ընդ որում՝ 7 անձ եղել է 14-16 տարեկան, 2-ը՝ 16-18 տարեկան, 110-ը՝ 18-35 տարեկան, 68-ը՝ 35 տարեկանից բարձր: 187 անձանցից 26-ը ունեցել են բարձրագույն կրթություն, 143-ը՝ միջնակարգ, 8-ը՝ միջին մասնագիտական, 10-ը՝ տարրական: Նշված անձանցից 12-ը նախկինում եղել են դատապարտված:
Վարույթում գտնվող գործերով եղել են թվով 336 տուժողներ, որոնցից 169-ը՝ մինչև 12 տարեկան, 61-ը՝ 12- 14 տարեկան, 63-ը՝ 14-16 տարեկան, 43-ը՝ 16-18 տարեկան:
2019 թ. ընթացքում ավարտվել են երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 224 քրեական գործեր, որից 7-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից: 133 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 86-ը` արդարացման հիմքով, իսկ 47-ը` ոչ արդարացման:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 88 քրեական գործ՝ 89 անձի վերաբերյալ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ 4 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ):
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 3 միջնորդություն: Կասեցվել է 42 քրեական գործով վարույթ, որից 5-ը` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով, 37-ը՝ այլ հիմքով:
Նշված ժամանակահատվածում միացվել են 17 քրեական գործեր, իսկ ըստ ենթակայության են ուղարկվել 6-ը: 2019 թվականից փոխանցված գործերի հետ միասին անավարտ է մնացել ընդհանուր հաշվով 71 քրեական գործ (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը՝ 2):