Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախօրեի հայտարարությանը, թե եթե ինքը գա իշխանության, թույլ չի տա, որ Հայաստանը վերադառնա անցյալին, նշել է, որ Վանեցյանը, մեծ հաշվով, անցյալի արձագանքն է:
«Ես կարծում եմ, որ միջազգային կառույցների արձագանքը պետք է ընդհանուր կոնտեքստի մեջ նայել, որովհետև լուրջ խնդիրներ նրանց կողմից չեմ տեսնում։ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է, որևէ հարցում հետընթաց չենք ունենալու, և ժողովրդավարության կառուցման մեջ առաջին հերթին հետաքրքրված ենք մենք և մեր ժողովուրդը։ Մենք առաջնահերթւությունը տալու ենք ներքին քաղաքականությանը և ներքին պահանջին՝ իհարկե, աշխատելով նաև միջազգային հանրության հետ, և միջազգային հանրության կողմից արձագանքների մեջ ես մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում»,- նշել է Գրիգորյանը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե Վանեցյանը ժամանակին ասել էր, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք դրսից են ֆինանսավորվում, արդյոք իրենք տեղեկություն ունե՞ն՝ կա՞ն նման ուժեր, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ եթե նա ունի տվյալներ, պետք է հրապարակի և հստակեցնի, եթե պաշտոնավարման ժամանակ է նման ինֆորմացիա ունեցել, պետք է զեկուցած լիներ։