Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ ՀՀ պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Բարբորա Զեմանովայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է բանկի հետ բազմոլորտ համագործակցությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
«Մենք հաստատակամ ենք առաջիկայում էլ ավելի ընդլայնելու հարաբերությունները Եվրոպական ներդրումային բանկի հետ և ավարտին հասցնելու մեր ծրագրերը»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՆԲ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը` տրանսպորտային, էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների բարելավման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում:
Անդրադարձ է եղել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 3-րդ և 4-րդ տրանշներում իրականացվող աշխատանքներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նախորդ տարեվերջին ստորագրված Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման դրամաշնորհային համաձայնագրի շուրջ, որի նպատակն է հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացնել ճանապարհային անվտանգության միջոցառումներ:
«Ճանապարհային անվտանգության չափանիշների փոփոխությունը և դրանց համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին բխում է Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավման անհրաժեշտությունից: Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ բանկի կողմից տրամադրվող ֆինանսատեխնիկական ու խորհրդատվական աջակցությունը»,- ընդգծել է նախարարը:
Կողմերը պայմանավորվել են փոխանակվել վերոնշյալ ծրագրերում ապագա փոխգործակցությանը միտված անհրաժեշտ տեղեկատվությամբ: