Սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է՝ կառավարության նիստին անդրադառնալով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տխուր է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարարի» կոչում ստանալուն աջակցելու համար կարող է ստանալ 5000 դոլար կաշառք: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, և սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի հասցեին և 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին:
Չգիտեմ ինչպես կհնչի իմ հայտարարությունը, բայց նման վիրավորանք հնչեցրած անձինք պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության:
Ուրախ իրադարձություն է, քանի որ եթե որևէ մեկը կար, որ կասկածում էր կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին և վճռականությանը, հույս ունեմ, որ այդ մարդիկ հասկացան, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան իրենք ենթադրում են: Եթե կան էլի նման մարդիկ, մենք այդ մարդկանց ետևից անխուսափելիորեն գնալու ենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: