ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստում ասել է. «Լավ եք անում, որ պայքարում եք. մեկի դեմ, հարյուրի, հազարի դեմ, այ մարդ, բայց օրենքո՛վ պայքարեք: Օրենքի խախտումները մի՛ կուտակեք ձեզ վրա, որ հետագայում ձեր իսկ օրենքի խախտումներով այլ գործընթաց սկսվի, որի տուժողը ՀՀ-ն է: Մի՞թե կարելի է նման մակերեսային վերաբերմունք դրսևորել ՍԴ փոփոխությունների հետ կապված»:
Տարոն Սիմոնյանը նշել է, որ ձևավորվում է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը համակարգային լուծումներ պետք է առաջարկի կառավարության նախաձեռնությամբ, որում գերակայելու են իշխանության թևի ներկայացուցիչները: «Ինչո՞ւ եք խուսափում նորմալ համակարգային մոտեցումներից և ընտրում եք մակերեսային ճանապարհները»,- հարցադրում է արել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը:
Անդրադառնալով ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտի ներդրմանը՝ Տարոն Սիմոնյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ ասել է, որ չպետք է այնպիսի հնարավորություն տրվի, որ դատավորների մեծ մասը դուրս գան աշխատանքից. հակասահմանադրական իրավիճակ կառաջանա: Ըստ նրա՝ «նախագիծը միանգամից հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում, եթե միանգամից 7 դատավոր դուրս գա: Սահմանադրության մեջ կան դրույթներ, որ անփոխարինելի են»: «Այդ անցումային դրույթը՝ որպես այդպիսին, կիրառված է, եթե դուք ուզում եք այս խնդիրը լուծել՝ այդ անցումային դրույթին չպետք է կպնեիք, այլ 7-րդ գլխում որևէ դրույթ ավելացնեիք և այս խնդիրը լուծեիք: Իրավաբանական տեխնիկայի առումով ամենավատ լուծումն եք ընտրել, որովհետև արդեն իսկ կիրառված անցումային դրույթը չի կարելի փոխել»,- նշել է պատգամավորը: