«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում նշել է, որ հայտնի է, թե ինչպես ՍԴ նախագահի աթոռը զբաղեցնող անձի քաղաքական թիմը տարիներ շարունակ վերահսկել է օրենսդիր մարմինը, գործադիր մարմինը: «Այդ նույն կուսակցությունն էր, որ տնօրինում էր նախագահի ինստիտուտը, և հենց այդ նույն կուսակցության նախագահն էր իր հայեցողությամբ նշանակում դատավորներ, հենց այդ նույն կուսակցությունն էր, որ վերջին 20 տարիների ընթացքում մշտապես լինելով իշխանության՝ վերահսկում էր իշխանության բոլոր թևերը: Այս ամենը օրենքի տառին էր համաձայն և ոտքերը պետության վրա սրբելու ոգուն էր համարժեք: Այդ կուսակցությունը մինչև այսօր պահպանում է իր իշխանությունը ՍԴ նկատմամբ»,- նշել է պատգամավորը:
Սոնա Ղազարյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցության ձեռամբ գրված սահմանադրությունը բազմաթիվ խութեր ունի: «Օրինակ՝ երբ օր ու գիշեր Արցախը հանձնելու մասին գոռացողների դիմակը պատռում ենք նրանով, որ, ասենք, 800 հա կորցնելուց առաջ երբեմնի գերագույն գլխավոր հրամանատարը իր բուֆերային գոտին ապահովելու համար խաղաղ պայմաններում գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները թողել է պաշտպանության նախարարի ուսերին: ՍԴ ներկայիս նախագահը չէ՞ր, որ հրամցրեց իդեալական ՍԴ մոդելը, սակայն նախընտրեց ընտրվել 2005 թվականի ՍԴ բանաձևով՝ ոչ միայն երկարաձգելով սեփական պաշտոնավարման ժամկետը, խախտելով 2015 թվականի ՍԴ ոգին, այլև զրկելով սեփական գործընկերներին նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորությունից»,- ասել է Ղազարյանը: