Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը Երրորդ հանրապետությունում դարձել էր տանիք ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար։
«ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձևավորելու իր իավունքը, որովհետև ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղացուն բացատրել է, որ ինքը՝ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանը չունի երազանքի Սահմանադրական դատարան։
«Ե՞րբ կունենանք երազանքի Սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական մի խմբավորման կրնկի տակ, կունենա՞նք, թե՞ չենք ունենա Սահմանադրական այդպիսի դատարան։ Այո՛, կունենանեք, բայց եթե որևէ բան չփոխենք, կունենանք, ուշադրությո՛ւն, 2035 թվականին»։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը սեփական պլաններին հարմարեցնելու համար։
«Ըստ էության, գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի միջև հետևյալ տրամաբանությամբ. եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն այդ տեքստը պետք է նաև իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա՝ որպես ՍԴ նախագահի՝ ի հեճուկս գործող Սահմանադրության»: