Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարեց մեղադրող կողմի բողոքը։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործից անջատված մասի նյութերը չեն տրամադրվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին:
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը քննում էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը: Դատախազությունը վիճարկում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով քննիչը պարտավորվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի բուն գործի ողջ նյութերը:
Առաջին ատյանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:
Այսօր որոշման հրապարակման ժամանակ դատարանում չէր պաշտպանական կողմը։