ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ Ռուբեն Հայրապետյանի՝ օրերս արած արտահայտությանը, խոսեց նաև մամուլի որոշ հրապարակումների մասին և նշեց, որ դա աբսուրդ է:
«Լրատվամիջոց կա, և ո՛չ մեկը, որ գումար է ստանում այն մարդուց, որը Հայաստանում լրատվամիջոց է փակել, որը ԵԽԽՎ-ին ասում էր պոլիտբյուրո, որը ՀՀ-ում քաղբանտարկյալներ է տվել, ու գալիս են ինձ հարցնում են ԵԽԽՎ-ի զեկույցի մասին, թե ոնց է լինելու: Ինձ համար դա աբսուրդ է: Վրան քրեական 2 գործ ունեցող անձնավորությունը ինչ-որ խմբակ է ստեղծել, ինձ հանրորեն կոչեր է անում լրատվամիջոցների հետ պարկեշտ խոսել: Մարդակերները, որ մարդ էին ուտում ընդամենը վերջերս, կանգնում են ոստիկանության պատի տակ ու խոսում ժողովրդավարությունից: Մարդ, որի աշխատողները ամենավատ, սրբապիղծ հոդվածների և տեսանյութերի հեղինակներ են, էսօր սրբերից են խոսում»,- ԱԺ ամբիոնից նշեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Դիմելով ոչ իշխանական ուժերին՝ պատգամավորն ասաց. «Կա՛մ դուք պետք է քաղաքական որոշում կայացնեք, այրեք անցյալի հետ կամուրջները, կա՛մ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, և մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և նրանց փեսաների ու մնացածի պուճուրիկ խմբակները, որոնք փողով փորձում են ատելություն սերմանել ՀՀ-ում: Կամ ազնիվ եղեք, եկեք-ասեք՝ մենք մեր տեղը չենք գտնում: Կողմնորոշվե՛ք: Հին աշխարհը մեռնում է՝ իր հետ տանելով նրանց բոլորին, ովքեր չեն հասկանում նորը»: