ԱԺ չգումարված նիստից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ արտահերթ նիստին բերված փաթեթը շատ խնդրահարույց էր:
«Իրենք էլ են հասկանում, որ շատ պրոբլեմատիկ փաթեթներ են բերել, և փորձում են ինչ-որ խնդիրներ շտկել, թե ինչ խնդիր՝ չգիտեմ: Երբ նախագիծը կթարմանա, մենք կտեսնենք, բայց ամեն դեպքում նախագիծը, միանշանակ, բազմաթիվ խնդիրներով լի է: Երբ որ մտածում էի՝ ինչ հարցեր տամ հեղինակին, այնքան հարցեր ունեմ, որ այս 3-ժամանոց քննարկման և 5-ժամանոց մեծ քննարկման ժամանակ անհնար է հասցնել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նշեց, որ Սահմանադրության հոդվածի փոփոխությունը հնարավոր է անել նաև խորհրդարանում, և այն, որ երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացվել, նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը հանրաքվեի է պատրաստվում:
«Սահմանադրության այն հոդվածը, որը քաղաքական մեծամասնությունը ուզում է փոխել, կարող է փոխել խորհրդարանում: Բայց իրենք երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել, որ առաջին ընթերցումից հետո տապալեն այդ նախագիծը, որ գնա հանրաքվեի: Եթե խորհրդարանը կարող է, այդ փոփոխությունը անում է այստեղ, ինչո՞ւ եք ժողովրդին տանում ընտրական տեղամաս: Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու նախկին իշխանության ներկայացուցիչներին քարոզարշավի մասնակցելու հնարավորություն տալիս: Էս իշխանությունն անդադար իր ոտքի վրա կրակելով է զբաղված»,- ասաց Մարուքյանը:
Սահմանադրական դատարանի շուրջ առաջացածը կեղծ ճգնաժամ է՝ ըստ Մարուքյանի:
«Նախ՝ այդ ճգնաժամը սուտ պատմություն է: Բայց անգամ այդ ճգնաժամի համար չարժե մատաղ անել իրավունքի գերակայությունը, մեր միջազգային վարկը եվրոպական կառույցներում, չի կարելի հնարավորություն տալ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին վերակենդանանալու»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Հրայր Թովմասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է և Սահմանադրության հեղինակներից մեկը՝ ասաց Մարուքյանը՝ նշելով, սակայն, որ Թովմասյանի քաղաքական թիմը հեռացել է իշխանությունից, և նա էլ պետք է ժամանակին հեռանար:
«Բայց եթե ինքը չի հեռանում, դա չի նշանակում, որ մի մարդու չհեռանալու համար կարելի է զոհաբերել այսքան արժեք: Ինքը չարժի էդքան: Հրա՛յր, գնա՛, Հրա՛յր, հեռացի՛ր, թող էս ժողովուրդը հանգիստ ապրի»,- ասաց Մարուքյանը: