Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ:
Երկու երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային և միջազգային ջանքերը: Նախարար Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Հայաստանի քաղաքացիներից մեկին ղազախական ինքնաթիռով Վուհան քաղաքից Նուր-Սուլթան տեղափոխելու, ինչպես նաև նրա կեցությունը և բուժօգնությունը կազմակերպելու համար` մինչև վերջինիս Հայաստան վերադառնալը:
Նախարարները խոսել են նաև ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների առողջապահական օրակարգի հարցերի շուրջ և հատկապես ծխախոտային արտադրատեսակների միասնական կարգավորման վերաբերյալ:
Գործընկերներն արձանագրել են, որ առաջնորդվում են միջազգայնորեն ընդունված և հաստատված նույն մոտեցումներով և սկզբունքներով: