Հայաստանը մասնակցում է Հնդկաստանում 2020 թ. փետրվարի 1-16-ը անցկացվող Սուրաջկունդի միջազգային արհեստների 34-րդ փառատոնին: Հայկական պատվիրակությունը ներկայացնում են ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի խմբեր:
Հայաստանի տաղավարում ցուցադրված են հայ վարպետների (Արմենուհի Խաչատրյան, Արմինե Պողոսյան, Մարալ Շեուհմելիան) ասեղնագործություններ, գոբելեններ և ժանյակներ: Փառատոնի ընթացքում նախատեսվում են նաև «Կայթ» նվագախմբի ելույթները:
«Կայթ» նվագախումբը հիմնադրվել է 2016-ին Երևանում՝ Կորյուն Դավթյանի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով ազգային նվագարաններով կատարել հայկական ժողովրդական ավանդական երաժշտություն։ Նվագախմբում ընդգրկված են երիտասարդ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրը տիրապետում է որևէ երաժշտական գործիքի՝ բլուլ, շվի, պարկապզուկ, զուռնա, դուդուկ, դհոլ, դափ, քանոն և ուդ։ Խմբում ընդգրկված են նաև երգիչ և երգչուհի:
«Կայթ» նվագախմբի երկացանկի մեծ մասը ներկայացնում է բանավոր ավանդույթով պահպանված և 19-20-րդ դարերում Կոմիտասի, Միհրան Թումաճյանի, Արամ Քոչարյանի ջանքերով գրառված նմուշներ։ Լինելով հայ ժողովրդական մի շարք երգերի և մեղեդիների առաջին բեմական կատարողը՝ «Կայթը» փորձում է պահպանել ավանդույթը ժամանակակից մտածողության պայմաններում։