Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Էֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ ընկերության տարածաշրջանային ղեկավար Լեոնիդ Պորշենկովը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կխթանի առողջապահության և բժշկագիտության բնագավառում երկկողմ հարաբերությունները և կնպաստի բնակչության առողջական վիճակի բարելավմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդություններից առաջացած մահացության ցուցանիշներով կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղում է։ Տարեկան գրանցվում է 1100-ից ավելի նոր դեպք:
«Ինչպես գիտեք, առողջապահության նախարարությունը վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտին հատուկ ուշադրություն է դարձնում: 2019 թվականի հունվարից սկսած՝ առողջապահության նախարարությունը ընդլայնել է ուռուցքաբանական հիվանդների՝ նախկինում գործող պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական պատվերի շրջանակներում: Այժմ պատրաստվում ենք նմանատիպ քայլեր ձեռնարկել կրծքագեղձի քաղցկեղի ուղղությամբ»,- ասել է Արսեն Թորոսյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիների համար նախաձեռնել է կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագիր, որի առաջին փուլում ընդգրկվելու են միայն վաղ փուլի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդները:
Նշենք, որ ծրագիրը հիշյալ հիվանդների համար կլինի անվճար ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Հուշագրի շրջանակներում Էֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ ընկերությունը հասանելի կդարձնի ներերակային օգտագործման 440 մգ դեղաչափով Հերցեպտին լիֆիլիզատ սրվակները Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի բարձրանա բուժման մատչելիությունը HER2 դրական մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար, որոնք չեն ընդգրկվում կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագրում:
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մատչելիությունը բարելավելու և ընդլայնելու համար ընկերությունը մտադիր է աջակցել HER2 ախտորոշիչ թեստերի մատչելիության բարձրացմանը և այդ նպատակով մտադիր է նվիրել 1500 HER2 թեստային հավաքակազմ` կատարելով միանվագ նվիրատվություն Հայաստանի առողջապահության նախարարությանը: