Կադաստրի կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ հաստատվել է հանձնաժողովի նոր կազմը:
Հանձնաժողովն ի պաշտոնե կղեկավարի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Հանձնաժողվի կազմում ընդգրկվել են նաև ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ Արայիկ Հակոբյանը, կոմիտեի խմբագիր, բանասեր Լիլիթ Ազատյանը: Լեզվի կոմիտեից հանձնաժողովի նիստերին մասնակցում են կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և նրա տեղակալ Մարատ Յավրումյանը: Արդարադատության նախարարության թարգմանությունների ՊՈԱԿ-ի ռուսերեն և այլ լեզուներով վերանայման և թարգմանությունների համակարգման բաժնի պետ Ագապի Երիցյանը և միջազգային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի թարգմանության բաժնի պետ Լիլիթ Թոփուզյանը նիստին մասնակցել են խորհրդատվական ձայնի իրավունքով:
Նիստի ընթացքում քննարկվել է աշխարհագրական օբյեկտների անվանափոխման առաջարկների ցանկը, քննարկվել են մասնագետների՝ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների անգլերեն և ռուսերեն տառադարձության կարգին վերաբերող մոտեցումները: Ըստ գործող կարգի՝ թարգմանության տեսանկյունից առաջարկվող փոփոխություններն առավել նպատակահարմար են, իսկ լեզվական տեսանկյունից՝ ավելի բարեհունչ, սակայն հակադարձ թարգմանության ժամանակ առաջանում է անհամապատասխանություն։ Թարգմանությունների ժամանակ խնդիրներ են առաջանում, օրինակ՝ Դիլիջան, Բջնի, Հերհեր, Ղազարավան և բազմաթիվ այլ տեղանունների դեպքում:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը համաձայնության չի եկել միջգերատեսչական աշխատանքային խումբ և տառադարձման ստանդարտ ստեղծելու հարցի շուրջ՝ ավելի նպատակահարմար համարելով ՀՀ կառավարության 2011 թ. թիվ 220-Ն որոշման հավելվածը վերանայել մասնագիտական հանձնաժողովի անդամների առցանց աշխատանքի միջոցով։
Փոխադարձ համաձայնությունից հետո կմշակվի ՀՀ աշխարհագրական անվանումների անգլերեն և ռուսերեն տառադարձության փոփոխված կարգի նոր նախագիծ: