Եվ այսպես, գործող նախագահին իշխանությունից հեռացնելու՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ երրորդ փորձը ձախողվեց. հանրապետականների կողմից վերահսկվող Սենատն իր քվեարկությամբ (48 կողմ, 52 դեմ՝ առաջին մեղադրանքի դեպքում, 47 կողմ, 53 դեմ՝ երկրորդի ժամանակ) ի ցույց դրեց, որ ընդդիմախոսների կողմից Դոնալդ Թրամփի դեմ հարուցված մեղադրանքներն անհիմն են, իսկ իմփիչմենթը՝ անթույլատրելի:
Ի դեպ, ձայների տարբերությունն առաջին քվեարկության համեմատությամբ պայմանավորված է այն բանով, որ հանրապետական սենատոր Միթ Ռոմնին առաջին մեղադրանքի հոդվածով քվեարկել էր իմփիչմենթի օգտին, իսկ երկրորդի պարագայում՝ դեմ:
Այն հանգամանքը, որ անցյալ տարվա սեպտեմբերին սկսված այս գործընթացը հենց Սենատում կարող էր ավարտվել ձախողմամբ, դեմոկրատներն անմիջապես էին զգուշացված՝ փոխանցում է BBC-ն:
Մյուս կողմից, դեմոկրատներն իրենք էլ այդ մասին հրաշալի գիտեին, որովհետև Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին, օրինակ, մեկնաբանելով Սենատի քվեարկության հնարավոր արդյունքը, բազմիցս է հայտարարել, որ անկախ արդյունքներից՝ Դոնալդ Թրամփն ամեն դեպքում պատմության մեջ կմնա որպես Միացյալ Նահանգների երրորդ նախագահ, ում փորձել են պաշտոնանկ անել, և նա երբեք չի կարողանա ձերբազատվել այդ խարանից:
Քաղաքագետները, սակայն, կասկած չունեն, որ ի տարբերություն դեմոկրատների ինքնամխիթարության՝ Դոնալդ Թրամփն անպայման կփորձի օգտագործել Սենատի քվեարկության արդյունքները նախագահական մրցավազքում:
«Նա այս քվեարկությունն անպայման իր հաղթանակը կհամարի, նրա կողմնակիցները ևս մի անգամ կլսեն, որ իրենք քվեարկում են Վաշինգթոնի կայսրությանը դեմ դուրս եկած իրական հերոսի օգտին: Ես նույնիսկ չեմ բացառում, որ իմփիչմենթի այս ձեռնարկը նրան նոր ձայներ բերի, որոնց տերերը նախկինում չէին կարողանա ընտրություն անել»,- հայտարարել է Stony Brook համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Սանդերսը:
Ի դեպ, իմփիչմենթին զուգահեռ, CNN հեռուստաալիքը սոցհարցում էր իրականացնում, որով պարզ դարձավ, որ հարցվածների 51 տոկոսը կողմ է Թրամփի իմփիչմենթին:
Ինչպես երևում է, մի քանի տոկոսի տարբերությամբ, ԱՄՆ-ն իսկապես կիսված է, և միայն առաջիկա նախագահական մրցավազքը ցույց կտա, թե ընտրողները դեպի որ կողմը կհակվեն: