Թուրքական Star պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել՝ անդրադառնալով աշխարհի երկու գերտերությունների ղեկավարների՝ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի՝ որպես ազդեցիկ ու հեղինակավոր քաղաքական կերպարների: Հոդվածագիրը փորձել է գտնել երկու առաջնորդների տարբերությունն ու նմանությունը: Համեմատական զուգահեռներ անցկացնելով՝ հեղինակը գրում է, որ Թրամփի՝ ազդեցիկ ղեկավարի կարգավիճակն իր պետության ուժի շնորհիվ է, մինչդեռ Պուտինը մի երկրի ղեկավար է, որը զրկվել է այդ ուժից, բայց միաժամանակ պահպանում է իր ազդեցիկ կերպարը:
Ի՞նչ ընդհանրություններ ունեն այս երկու ղեկավարները, թե՞ նրանք հակապատկերներ են:
Այսօր մոլորակի վրա կան մի քանի քաղաքական գործիչներ, որոնք իրենց առաջնորդությունը ցուցադրում են համաշխարհային մասշտաբով, որոշում են գլոբալ օրակարգը և կարող են նախաձեռնող լինել շատ հարցերում: Նման ղեկավարներից են ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները:
Եթե մեկը ստիպված է բարձրացնել սեփական առաջնորդության արդյունավետությունը, ապա մյուսը պետք է բարձրացնի սեփական երկրի համաշխարհային ազդեցությունը:
Թրամփը ուղիղ ու բացեիբաց սպառնում է վնաս հասցնել, Պուտինը վնասում է ծածուկ և անուղղակի:
Թրամփը ավելի քիչ բան անում է, քան՝ խոսում, Պուտինը շատ բան անում է, որի մասին չի խոսում:
Թրամփը, փորձելով վատը երևալ, չի վախենում լավը երևալուց, Պուտինը, փորձելով ցույց տալ լավը, չի վախենում վատը երևալուց:
Թրամփը բաց ցուցադրում է թե՛ սերը, և թե՛ ատելությունը, Պուտինը ցույց չի տալիս ո՛չ սեր, և ո՛չ էլ ատելություն:
Թրամփն իր դիրքորոշումը փոխում է մեկ օրվա ընթացքում, պահի ազդեցությամբ, Պուտինը երբեք չի հրաժարվում երկարատև ծրագրից:
Թրամփին հեշտ է համոզել, նա, սակայն, փաստացի քայլերի դժվարությամբ է դիմում, ընդ որում՝ Պուտինը դժվարությամբ է համոզվում, սակայն քայլերի հեշտությամբ է գնում:
Թրամփը պատերազմ է հայտարարում ամերիկյան մեդիային, Պուտինը, սակայն, հաղթել է ռուսական լրատվամիջոցներին:
Թրամփը փորձում է փրկել առաջիկա ընտրությունները, մինչդեռ Պուտինը նախագծում է հետագա կառավարման համակարգը:
Թրամփը ձգտում է իր համար ուղի հարթել ու գլխավոր խաղացողը դառնալ ամերիկյան Օլիմպոսում, Պուտինը՝ համաշխարհայինում:
Պուտինի հաջողությունն այն է, որ ամբողջ Ռուսաստանը, կարծես, նրա թիկունքին է կանգնած: Ենթադրվում է, որ ամբողջ պետությունը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ինստիտուտները, ԶԼՄ-ն, քաղաքացիական հասարակությունը պաշտպանում են Պուտինի կամքը:
Միաժամանակ, Թրամփին պաշտպանում են որոշակի շրջանակներ, ուստի թվում է, թե Պուտինն իր ամբողջ ուժը ներդրել է դրսի, իսկ Թրամփը՝ և՛ ներսի, և՛ դրսի պայքարի համար: