1lurer.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ դեսպանի ուղեկցությամբ փետրվարի 4-ին այցելել էր Ախալցխա՝ հյուրընկալվելով Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլուն:
Կողմերը քննարկել էին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նահանգին առնչվող բազմաթիվ հարցեր, նախանշվել էին հետագա համագործակցության մի շարք ծրագրեր։
Հանդիպմանը ներկա էին եղել նաև Վրաստանի խորհրդարանում Ախալցխան ներկայացնող պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն և այլք։
Արդեն ուշ երեկոյան Սինանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նահանգապետարանից պատվիրակությունը այցելել է Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոց, որտեղ հանդիպել է դպրոցի տնօրինությանը և աշակերտներին։
Հաջորդ այցը Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր, որտեղ պատվիրակության անդամները հանդիպեցին հոգևորականներին և եկեղեցու հավատացյալներին։ Հյուրերը այցելեցին նաև եկեղեցուն կից գործող կրթամշակութային կենտրոն։
Եկեղեցուց հյուրերը ուղևորվեցին Ախալցխայի քաղաքապետարան, որտեղ հանդիպեցին Ախալցխայի շրջանի հայության հետ։ Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայացրեց իր այցելության նպատակը և հետագա ծրագրերը։ Ժողովուրդը հնարավորություն ունեցավ բարձրաձայնելու մի շարք խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն Ախալցխայում և Սամցխե-Ջավախքի նահանգում։ Մասնավորապես, խոսվեց կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական, իրավական և այլ տեսակի խնդիրների մասին։
Հյուրերի հաջորդ կանգառը Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնն էր, որտեղ Զարեհ Սինանյանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնում, ինչպես նաև Ախալցխայի ժողովրդավարության ներգրավվածության կենտրոնում, հյուրերը ծանոթացան մի շարք խնդիրների, որոնք հուզում են ինչպես Ախալցխայի հայությանը այնպես էլ Սամցխե-Ջավախքի հայությանը։
Հյուրերի վերջին կանգառը Ծուղրութ գյուղն էր, որտեղ հյուրերին ներկայացվեց 10-րդ դարի եզակի պահպանված ավետարանը։