Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը: Այն առնչվում էր պարտադիր սպանդանոցային մորթ կազմակերպելուն: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ սպանդանոցային մորթի հետ կապված խնդիրները վեր են հանվել, և առաջարկվում են ֆինանսական փոփոխություններ:
Այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսի չափով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացված միջոցներից: Նախատեսվում է իրականացնել երեք գործողություն՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում, մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում: Խաչատրյանը նաև ներկայացրել է, որ կողմնորոշիչ քարտեզ են ձևավորել, թե Հայաստանում հաջորդ վեց ամիսների ընթացքում սպանդանոցներ ունենալու ինչ պահանջներ կարող են առաջանալ:
Խաչատրյանի խոսքով՝ շարժական սպանդանոցները կմեղմացնեն նաև ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը: Կավելանա ծրագրից օգտվող սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուների քանակը: Առաջարկվում է ծրագրի ընդգրկման շրջանակը լրացնել շարժական սպանդանոցներով և մսամթերքի տեղափոխման տրանսպորտային միջոցներով:
Թեմայի քննարկման ժամանակ վարչապետն անդրադարձել է նաև գյուղապահովագրության պիլոտային ծրագրին և կոչ արել գյուղացիներին` օգտվել դրանից: