Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հաշվի առնելով հանրապետության նախագահին առնչվող որոշ հայտարարությունների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից ուղղված հարցադրումները՝ հարկ են համարում տեղեկացնել, որ նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր. այն բաց փաստաթուղթ է, որում հստակ նշված են նախագահի եկամուտները և ֆինանսական միջոցները:
«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում, ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում:
Բացի դրանից՝ Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակներից: Բացի դրանից՝ British Petrolium-ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները:
Գոյություն ունեն Knightsbridge տեղանունը ներառող հարյուրավոր ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում իրարից խիստ տարբեր ոլորտներում, աշխարհի տարբեր երկրներում և ունեն տարբեր սեփականատերեր ու բաժնետերեր: Knightsbridge տեղանունը ներառող ընկերությունների փոքր խումբը, որի հետ առնչություն է ունեցել Արմեն Սարգսյանը, արդեն վաղուց գոյություն չունի, այդ ընկերություններից և ոչ մեկը երբևէ որևէ ներդրում չի կատարել British Petrolium ընկերության ծրագրերում և Ադրբեջանում:
Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին»,- գրված է տեղեկատվության մեջ: