Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորումների համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Արդարադատության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպվել է հանրային քննարկում բոլոր շահագրգիր կողմերի մասնակցությամբ:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ խնդիրը շատ նուրբ է, քանի որ սերտորեն առնչվում է խոսքի ազատության և դրա սահմանների հետ: «Այսօր մեր երկրում աննախադեպ իրողություն է արձանագրվում. ունենք խոսքի անսահմանափակ ազատություն, և երբեմն խոսքի ազատության այդ իրավունքի քողի տակ մենք հանդիպում ենք թաքնված կամ երբեմն նույնիսկ բացահայտ ատելության խոսքի դրսևորումների, ինչն անընդունելի է մեր պետությունում և պետք է համարժեք արձագանքի արժանանա»,- ասել է նա:
Քննարկման ավարտին մասնակիցները հույս են հայտնել, որ այս փորձագիտական քննարկումը մեծապես կնպաստի խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի դեմ պայքարի գործին: