Փետրվարի 5-ի ողջ օրը և լույս 6-ի գիշերը շարունակվել են թեժ մարտերը Սիրիայում:
Step News լրատվական գործակալությունը հաղորդել է, որ պայթյուններ են հնչել սիրիական Լաթակիայի արևմուտքում տեղակայված «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայում: Ըստ նախնական տեղեկությունների՝ իսլամիստական խմբավորման գրոհայինները փորձել են հարվածներ հասցնել ռազմական օբյեկտին, օգտագործելով թռչող անօդաչու սարքեր:
Եվ չնայած այս պահին տեղեկություն չկա հարձակման հետևանքների մասին, հիշեցնենք, որ ահաբեկիչների գրոհներն այս ուղղությամբ նորություն չեն. վերջին անգամ իսլամիստները փետրվարի 4-ին էին փորձել ԱԹՍ-ներով գրոհել «Հմեյմիմի» վրա, բայց ՀՕՊ ստորաբաժանումները «ПАНЬЦИРЬ-С»-ի միջոցով անմիջապես էին խոցել անօդաչուն:
Al Nour-ը հերթական տվյալներն է հրապարակել Սիրիայի Հալեպի նահանգում կառավարական ուժերի և զինված ընդդիմության զինյալների միջև տեղի ունեցած բախումների մասին՝ ընդգծելով, որ փետրվարի 5-ին Ասադի բանակին հաջողվել է ևս երկու գյուղ ազատագրել: Ըստ գործակալության՝ Զազրայա և Զամար բնակավայրերի համար մղված մարտերի ընթացքում կառավարական ուժերին հաջողվել է վերացնել ավելի քան 50 ահաբեկչի, վիրավորել մոտ հարյուրին: Քիչ չեն եղել նաև իսլամիստների զենքի ու զինամթերքի կորուստները:
Լոնդոնում գործող The Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը Reuters գործակալության հարցմանն ի պատասխան հաստատել է, որ Իդլիբի նահանգում Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են ռազմավարական կարևորություն ունեցող Սերաքիբ քաղաքը:
Լուրը հաստատվեց նաև թուրքական մամուլում: Մասնավորապես, Gazetduvar-ը գրեց, որ Ասադի բանակը հաղթական դրոշ է ծածանել քաղաքի կենտրոնում, իսկ փրկված գրոհայինները խուճապահար փախել են օդից մժեղների նման ներքև թափվող ռումբերի տարափի ներքո:
Այսպիսով, չնայած Էրդողանի սպառնալիքներին, սիրիական բանակն ահաբեկիչների հիմնական ապաստարանը դարձած Իդլիբ քաղաքից ընդամենը 15 կմ հեռավորությամբ է գտնվում: Եվ քանի որ Սերաքիբը տեղակայված է Լաթակիան և Հալեպը միացնող M4 մայրուղու և Հալեպն ու Դամասկոսը միացնող M5 մայրուղու խաչմերուկում, նշանակում է, որ Իդլիբն այժմ բոլոր կողմերից շրջափակված է, և անհնար է, որ քաղաքի ներսում ապաստանած նուսրայականներին օժանդակող ուժեր, զենք ու զինամթերք ներս գա: Պակաս կարևոր չէ նաև ներսից, օրինակ, դեպի Հալեպ հնարավոր շարժի խափանումը, ինչն այսկերպ ապահովված է:
Լուրն, ի դեպ խիստ զայրացրել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիին, որը թուրքական մամուլի հավաստմամբ՝ ՌԴ-ին և՛ս մի անգամ կոչ է արել փոխել իր քաղաքականությունն Իդլիբում և չաջակցել Ասադի ուժերին:
Բայց Սիրիայի և Միջին Արևելքի հետ կապված խոշոր պլաններից բացի՝ ռուսներին, ինչպես երևում է, խիստ զայրացրել է այն հանգամանքը, որ Կամիշլի գյուղի մոտակայքում ամերիկյան զորքերը փետրվարի 3-ին առևանգել էին դեպի Իրաք ուղևորվող ռուսական ռազմական մեքենաները:
Այդ մասին, ի դեպ, հաղորդել էր նույն SOHR-ը, հավելելով, որ վերջին շրջանում ռուսների և ամերիկացիների միջև խիստ հաճախացել են նաև օդում ընդհարումները: Հենց այսօր էլ ամերիկյան ուղղաթիռները օդ էին բարձրացել՝ խափանելու ռուսական առաջխաղացումն Իդլիբի ուղղությամբ, բայց դատելով արդյունքներից՝ ապարդյուն: