Հունվարի 28-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացվել են լուծ, ջերմություն, փսխում ախտանշաններով հիվանդներ՝ նախնական «աղիքային վարակ» ախտորոշմամբ։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ վարակի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով. քննարկվել է վարակի առաջացման ինչպես ջրային, այնպես էլ սննդային գործոնը:
Համաճարակաբանական հետազտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտագործել են «Զեյթուն» հրուշակեղենի ֆիրմայի՝ կիլոգրամով վաճառվող էկլեր:
Նույն օրը տեղեկություն էր ստացվել, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում և Ստեփանավանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ևս հոսպիտալացվել են նմանատիպ գանգատներով հիվանդներ: Վերջիններս նույնպես նշել են հիշյալ ֆիրմայի էկլերի օգտագործումը:
Դեպքերի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ: Իրականացված համալիր միջոցառումների արդյունքում հունվարի 27-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Լոռու և Սյունիքի մարզերում հայտնաբերվել և հոսպիտալացվել է 49 հիվանդ, որից 41-ը՝ Լոռու, 8-ը՝ Սյունիքի մարզում։
Ներկայումս Լոռու մարզի բժշկական կազմակերպություններում բուժում է ստանում 33, Սյունիքի մարզում՝ 8 տուժած։ Հիվանդների վիճակը բժիշկները գնահատում են բավարար, ստանում են անհրաժեշտ բուժում, կա դրական շարժընթաց:
Հետազոտությունների շրջանակներում հիվանդներից կատարվել է նմուշառում, և լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սալմոնելլա: