Չինաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 28 հազարի: Նրանցից 565-ը մահացել է: Միաժամանակ աճում է նաև ախտից ապաքինվածների թիվը: Նոր տեսակի թոքաբորբով վարակվածներն ավելանում են հատկապես ասիական երկրներում՝ Ճապոնիայում, Սինգապուրում ու Թաիլանդում, որտեղ նոր դեպքեր են գրանցվում:
Աշխարհում ստեղծված վտանգավոր իրավիճակին հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և հորդորում առայժմ խուսափել Չինաստան այցից: Միջազգային կառույցը հայտարարել է, որ մտադիր է լուրջ գումարներ տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը մասնավորապես հայտարարել է. «Մենք իրականացնում ենք ռազմավարական ծրագիր, որը կօգնի երկրներին վարակի հետագա տարածման կանխարգելման, հայտնաբերման ու ախտորոշման գործում: Առաջին երեք ամիսներին ծրագրի ֆինանսավորման համար կտրամադրվի 675 միլիոն դոլար: Դրանք մեծ գումարներ են, սակայն ավելի լավ է ներդնենք ու ինքներս մեզ ապահովագրենք այսօր, քան հետո ավելի շատ ծախսենք հետևանքները վերացնելու վրա»: