Օրակարգում ընդգրկված երկու հարցով այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որը, սակայն, տեղի չունեցավ:
«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով, որ օրակարգում այլ հարց չի մնացել, նիստը համարվում է փակված»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ըստ Միրզոյանի՝ նախագծերն ըստ երևույթին հետ են կանչվել տեխնիկական խնդիրների պատճառով:
«Այսօր առավոտյան հեղինակը համանման, ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ»,- ասաց ԱԺ նախագահը:
Միրզոյանը ԱԺ խորհրդի անդամներին խնդրեց մնալ դահլիճում և նշեց, որ առաջիկայում կունենան խորհրդի արտահերթ նիստ, որում կքննարկվի համանման միջնորդություն՝ այսօր գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
«Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը»,- ասաց Միրզոյանը: