ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում օրակարգային հարցով հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իր ելույթում նախ անդրադարձավ ստեղծված իրավիճակի նախապատմությանը: Նա նշեց, որ 2013-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՍԴ փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, Հրայր Թովմասյանը արդարադատության նախարար էր և ի պաշտոնե ընդգրկվեց դրա կազմում, իսկ երբ այդ փաստաթուղթը եկավ խորհրդարան, Թովմասյանը ԱԺ-ում աշխատակազմի ղեկավար էր և, ըստ Հովակիմյանի, իր ներկայությամբ ապահովել է սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելը:
Պատգամավորը նաև խոսեց Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալուն, մարտի սկզբին այդ ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի վաղաժամ հրաժարականին՝ նշելով, որ այն արվել է մինչ նոր խմբագրված Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, որպեսզի Հրայր Թովմասյանը պաշտոնավարի ոչ թե 5 տարի, այլ մինչ 65 տարեկան դառնալը:
«Այս աճպարարության նպատակը Սահմանադրության 7-րդ գլուխը ոտնատակ տալն էր: Այն Սահմանադրության, որն իրենք էին հեղինակել»,- ասաց պատգամավորը:
Ըստ Հովակիմյանի՝ ՍԴ անդամ 7 դատավորներն ունեն ուղղակի պատասխանատվություն վերջին 2 տասնամյակի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների ձևախեղման, ժողովրդի կամքի վրա բռնանալու համար:
«Հանրությունը, ի դեմս այս ՍԴ-ի, տեսնում է այն ՍԴ-ին, որը տարիներ շարունակ ծեծել է, ջարդել է: 2008-ին ասում էր՝ դե, մի 10 մարդ է զոհվել: Դե հիմա»,- ասաց իմքայլական պատգամավորը:
Անդրադառնալով ՍԴ անդամների պաշտոնավարման ժամկետներին՝ Հովակիմյանը նշեց, որ ՍԴ-ում հիմա կա մեկ անդամ, որ պաշտոնավարելու է 33 տարի, իսկ նորընտիր դատավորները՝ 12 տարի:
Հովակիմյանի կարծիքով վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենք էլ հարցն ամբողջությամբ չի լուծում: Դա է պատճառը, որ ներկայացրել է Սահմանադրության փոփոխության նախագիծ ,որով առաջարկվում է փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը:
«Ուզում եմ տեղեկացնել, որ «Իմ քայլը» չի ընդունելու այս նախագիծը և ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշումը: Սա ուղղակի ուղիղ ժողովրդավարություն է»,- ասաց Վահագն Հովակիմյանը: