Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ թիվ 99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել:
«Ըստ գործող կարգի՝ վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելի» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:
Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով:
Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որևէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է՝ նաև քրեական հետապնդումը»,- գրել է Կարապետյանը: